Զանգակատունցիների որոշմամբ՝ համայնքի միջնակարգ դպրոցի բակից Պարույր Սևակի արձանը կհեռացվի

Զանգակատուն համայնքի բնակիչների քվեարկության համաձայն՝ տեղի միջնակարգ դպրոցի բակից կհեռացնեն Լևոն Թոքմաջյանի հեղինակած՝ բանաստեղծ Պարույր Սևակի արձանը, տեղեկանում ենք պոետի տուն-թանգարանի հրապարակումից։

Ըստ հայտարարության՝ բնակիչների 79,9%-ը կողմ է քվերակել արձանի հեռացմանն, իսկ 20,1%-ը դեմ արտահայտվել։

Արձանի տեղադրումից ի վեր համացանցը ողողված էր քանդակի ու նրա հեղինակի շուրջ բացասական գրառումներով, հումորային անդրադարձներով։ Ի վերջո բանաստեղծի հարազատները հայտարարեցին, որ համայնքին են թողել վերջնական որոշումը։ Թոքմաջյանն ինքը մամուլի հետ զրույցում դեմ էր արտահայտվել հարցը համայնքի քննարկմանը դնելուն։

«Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ գյուղացին պետք է որոշի՝ քանդակը դրվի, թե չդրվի: Ես պատվեր չեմ ստացել, որ քննարկում են: Նվեր եմ տվել, նախօրոք ուղարկել եմ նկարները, գյուղապետն է տեղյակ, Սևակի թոռն է տեղյակ, տեսել են, ասել են՝ բեր: Թող ասեին՝ մի բեր, ես էլ չէի տանի: Արվեստի գործը դնում են գյուղացիների քվեարկությա՞նը, քննարկմա՞նը»,- ասել էր նա։

Քանդակագործը պարզաբանել էր, որ դա ոչ թե Սևակի, այլ «Անլռելի զանգակատուն» թեմայով աշխատանք է, ինչպես ինքն է ընկալում այն։

 

Leave a Comment