Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն

«Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, որը Կիևին կտա դադար և պատերազմի շարունակությանը պատրաստվելու հնարավորություն, այլ լիարժեք խաղաղություն»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Հիմա հարցն այն է՝ արդյոք մենք կհասնենք գործարքի, թե ոչ, ինչպես ասում է նախագահ Թրամփը… Եթե ուկրաինացիները գերիշխող ցանկություն ունեն համաձայնության հասնելը փոխարինել կարճաժամկետ, անկենսունակ լուծումներով, ապա մենք քիչ հավանական է, որ պատրաստ լինենք մասնակցել», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը «հետևողական է, թափանցիկ» և լավ հայտնի է թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ուկրաինայում։

«Մենք ցանկանում ենք դադարեցնել այս պատերազմը, հասնել մեր նպատակներին, ապահովել մեր շահերը և երաշխավորել խաղաղությունը Եվրոպայում ապագայի համար», – ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցության իրավական երաշխիքների հարցը բանակցային գործընթացի անկյունաքարն է, որը Ռուսաստանը մտադիր չէ անցկացնել «մեգաֆոնային ձևաչափով»։

«Բնականաբար, այս հարցը կարևոր է, և, իհարկե, այն արժանի է հատուկ քննարկման՝ համեմատած մյուսների հետ։ Սակայն հենց սա է բանակցային գործընթացի էությունը, որը, կրկին կցանկանայի ընդգծել, մենք չենք ցանկանում անցկացնել մեգաֆոնային ձևաչափով», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Նա այսպես է պատասխանել հարցին, թե ումի՞ց է Ռուսաստանը ակնկալում իրավական պարտավորեցնող երաշխիքների տրամադրում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment