16 դեկտեմբերի 2025 – 17:31 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է օրենսդրական նոր նախաձեռնությունները, որոնք վերաբերում են ծննդյան միանվագ նպաստներին, բազմազավակ ընտանիքներին և սոցիալական վճարումների համակարգին։
Ըստ ներկայացված նախագծի՝ ծննդյան նպաստները կհամահարթեցվեն՝ յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար կհատկացվի 500,000 դրամ:
Այս պահին առաջին և երկրորդ երեխայի դեպքում տրվում է 300 հազար դրամ, երրորդի և չորրորդի դեպքում՝ 1 մլն դրամ, հինգերորդից սկսած՝ 1.5 մլն դրամ։ Նոր առաջարկով նախատեսվում է բոլոր երեխաների ծննդյան դեպքում սահմանել միասնական՝ 500 հազար դրամի չափով աջակցություն։
Ըստ նախարարի տեղակալի՝ 2021 թվականին, երբ կառավարությունը հաստատեց ծրագիրը, նպատակ կար, որ ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով երեխաների ծնունդները շատանան, ինչը տեղի է ունեցել, հայտնում է 1lurer.am-ը։
«2018 թվականին ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների թիվը մոտ 8300 է եղել, 2023-ին կազմել է 12,400-ից ավելի, 2024-ին՝ 12 հազար, այսինքն՝ ունեցել ենք 45 տոկոս աճ այս առումով, և տարեկան միջինում 7 տոկոս ցուցանիշի աճ ենք գրանցել։ Քանի որ ունեցել ենք դրական արդյունքներ, առաջարկում ենք այն դարձնել պետական նպաստի տեսակ»,– նշել է Դավիթ Խաչատրյանը։
Բացի այդ, փոփոխությունների համաձայն՝ միանվագ ծննդյան նպաստից և երրորդ ու հաջորդ երեխաների նպաստից կարողանալու են օգտվել միայն այն դեպքում, երբ երեխան կունենա ՀՀ քաղաքացիություն։
«Քաղաքացիության պահանջը առաջարկում ենք կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ համահարթեցման տրամաբանությունը՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերի 1-ից»,– ասել է նախարարի տեղակալը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյաանը քննարկման ժամանակ ասել է․ «Բայց դուք չեք ասում, որ երբ ընտանիքում 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխան է ծնվում, այսօր 2-3 անգամ ավել միանվագ գումար է ստանում, քան առաջարկում եք։ Դուք ասում եք 3-րդ երախայի համար այսօր վճարվող 1 մլն դրամը կդառնա 500 հազար դրամ», հայտնում է Panorama.am-ը։
Նա նաև հետաքրքրվել է, թե ինչ պատճառներով է մերժվել բազմազավակ ընտանիքներին աջակցության վերաբերյալ իր ներկայացրած օրենքի նախագիծը։
Ի պատասխան փոխնախարարը նշել է, որ 2022 թվականին գործարկվել է փորձնական ծրագիր, որի շրջանակում նորածին երեխաներին մինչև 6 տարեկանը տրամադրվում է ամսական 50 հազարական դրամ, և այդ ծրագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Կառավարությունը առաջարկում է 1 մլն դրամը նվազեցնել 500 հազար դրամ, բայց դրա փոխարեն 6 տարի ամսական 50 հազարական դրամ վճարել, որը ստացվում է 3.6 մլն, դրան գումարած 500 հաղար դրամը՝ ստացվում է 4.1 մլն դրամ»,- բացատրել է Խաչատրյանը և հավելել է, որ եթե այդ 50 հազար դրամը փոխանցվում է անկանխիկ եղանակով, ապա հնարավոր է մինչև 10 հազար դրամով ավելի գումար ստանալ։
Ավետիսյանն արձագանքել է. «Կոնկրետ 2025 թվականին ընտանիքում ծնվել է 3-րդ երեխան և ստացել է 1 մլն դրամ, նաև 50 հազար դրամ։ Հիմա դուք ասում եք անունը դնենք նպաստ, կայուն հիմքերի ապահովում։ Երբ մի դրական բան անում եք, ինչու եք մի հատ էլ բացասական, հակասոցիալականն անում, ինչու եք մարդու 1 մլն միանվագ դրամական նպաստի ճափը դարձնում 500 հազար դրամ»։
Փոխնախարարը հստակեցրել է, որ նախկինում տրամադրվող 1 մլն դրամի փոխարեն առաջարկվում է ընդհանուր առմամբ 4.1 մլն դրամի աջակցություն՝ սփռված 6 տարվա ընթացքում։