ՀՀ քաղաքացին կարող է մասնակցել ընտրություններին, որոշել, թե ով լինի համայնքապետ, պատգամավոր և այլն։ Ընտրողի ու սպառողի իրավունքները որոշակի ազդել են մարդու վարքաբանության վրա։ Ոմանց թվում է, թե իրենք կարող են ամեն ինչ որոշել, այդ թվում՝ արվեստին վերաբերվող հարցերը։
«Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ գյուղացին պետք է որոշի՝ քանդակը դրվի, թե չդրվի: Ես պատվեր չեմ ստացել, որ քննարկում են: Նվեր եմ տվել, նախօրոք ուղարկել եմ նկարները, գյուղապետն է տեղյակ, Սեւակի թոռն է տեղյակ, տեսել են, ասել են՝ բեր: Թող ասեին՝ մի բեր, ես էլ չէի տանի: Արվեստի գործը դնում են գյուղացիների քվեարկությա՞նը, քննարկմա՞նը: Ճի՞շտ է դա: Ես երկու տարի աշխատել եմ, գյուղացիներին կանչեի արվեստանոց, հարցնեի՝ ո՞նց եք ուզում, որ անեմ: Շատ վիրավորական է: Այ մարդ, թող հանեն, ինչ ուզում են անեն, սա քաղաքական լուծում չէ, արվեստի խնդիր է, գյուղացին շա՞տ է հասկանում քանդակագործությունից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով Զանգակատան միջնակարգ դպրոցին նվիրած Պարույր Սեւակի իր քանդակին:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ ստեղծագործողի և ժողովրդի միջև փոխըմբռնում չկա։ Չկա հանրային հարգանք վարպետի նկատմամբ։ Չկա նաև ստեղծագործողի կողմից փոխադարձ հարգանք ժողովրդի, նրա ընտրության նկատմամբ։ Փոխըմբռնման ու փոխհարգանքի այսօրինակ խզումն աղետալի է։
Ժողովրդի և ստեղծագործողի միջև խզում եղել է սխոլաստիկայի դարաշրջանում՝ 9-12-րդ դարերում։ Այդ ժամանակ կարծում էին, թե արվեստն արվեստի համար է, գիտությունը՝ գիտության։ Ժողովուրդը տգիտության խավարի մեջ էր։ Այս խավարի շրջանում դպրոցը փակ հաստատություն էր, խորհրդավոր քողի տակ։ Մուտք ունեին միայն արվեստի, գիտության մարդիկ, աշակերտն ու ուսուցիչը։ Վարպետի հանդեպ պաշտամունք կար, քանի որ նրա ձեռքով գործում էր Աստված։ Վերածննդի շրջանում դպրոցի դռները բացվեցին։ Լուսավորության շրջանում կրթության լույսը տարածելը կիրթ մարդկանց առաքելությունը դարձավ, որ մարդիկ տեսնեն գեղեցիկը, ճանաչեն բարին։ Վարպետի հանդեպ պաշտամունքը փոխվեց հարգանքի ու սիրո։
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որն օրերս տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, կհեռացվի։ Այս մասին դեկտեմբերի 15-ին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը։ Հեռացման որոշումն ընդունվել է դյուղացիների քվեարկության արդյունքում։
Նկատենք, որ արվեստի ստեղծագործությունը հասկանալու համար առաջին հերթին երևակայություն է անհրաժեշտ, երկրորդ հերթին՝ ռեալիստական սիմվոլները վերծանելու համապատասխան գիտելիք, երրորդը՝ գեղագիտական ըմբռնում։
Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» վերաբերյալ գիտական աշխատանքների, քաննդատական հոդվածների հեղինակներն ինչո՞ւ ձայն չեն հանում։ Ռեալիզմի, ռոմանտիզմի սիմվոլների մասին աշխատանքների հեղինակները վարպետին ու նրա գործը պաշտպանելու մի խոսք չունե՞ն ասելու։ Եթե քանդակն իրոք անարժեք է, ապա ինչո՞ւ մասնագիտական, հիմնավոր, համակողմանի քննադատություն չի հնչում։ Քանդակից ու սիմվոլից հասկացող չկա՞։
Հայտնի փաստ է, որ մարդկանց մոտ 10 տոկոսը երևակայություն չունի և հատվածական է ընկալում իրականությունը։ Երևակայության բացակայության պատճառով նրանք չեն կարողանում լրիվ հասկանալ ստեղծագործությունը, տեսնել նրա գեղեցկությունը, վերծանել ուղերձը։ Ինչո՞ւ գյուղացիների քվեարկություն կազմակերպելուց առաջ նրանց լիարժեք չեն լուսավորել քանդակի ասելիքի մասին։
Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել քանդակը։ Եվ ՔՊ-ականները նրա հրահանգով են գրոհել քանդակի դեմ։ Սրանով է բացատրվում ԿԳՄՍՆ-ի լռությունն աղմուկի մեջ։ Եթե այդպիսի հրահանգ չկա, ապա ինչո՞ւ է ԿԳՄՍՆ-ն անտարբեր դիտում, թե երկրում ինչ անդունդ է բացվում ու փոխադարձ ատելություն խորանում ստեղծագործողի և ժողովրդի միջև։ Գուցե ՔՊ-ին ձեռնտո՞ւ է, որ վարպետներն ու ժողովուրդը միմյանց արհամարհեն։
Պատկերավոր ասած՝ «Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակի հեռացումն արձագանքներ է ունենալու։ Ենթադրելի է, որ արվեստը կխամրի որոշ ժամանակ, հանրությանը չեն ներկայացվի համարձակ գործեր, վարպետները կլքեն Հայաստանը։ Աղետալի այս հեռանկարը կարող են կանխել ԿԳՄՍՆ-ն ու քննադատը, եթե անկեղծորեն խոստովանեն իրենց խորհրդավոր լռության պատճառը։
Թաթուլ Մկրտչյան