
Թուրքիան Ադրբեջանի հետ երկխոսության պայմաններում առաջ է տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես հայտնում է Report-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով դեսպանների 16-րդ համաժողովում։
Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ մնացել է առանց կայուն խաղաղության տարածաշրջան, այսօր պատմական փուլ է ապրում: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
«Այս գործընթացին զուգահեռ մենք նաև առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեր քայլերը՝ մշտական երկխոսության մեջ գտնվելով Ադրբեջանի հետ։ Արդեն հաջորդ տարվա սկզբից որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկվեն»,- նշել է Էրդողանը։
Ավելի վաղ Bloomberg-ը հղում կատարելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը։