«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով մեր երկրին կտրամադրվի 50 մլն եվրո գումարի չափով վարկ՝ նպատակ ունենալով թիրախային աջակցության բազմաոլորտ ներդրումների միջոցով բարձրացնելու Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունությունն ու բարելավելու բնակչության կենսամակարդակը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ՝ ջրամատակարարման, կրթական եւ առողջապահական:
Անդրադառնալով ծրագրի հիմնական առաջնահերթություններին՝ զեկուցողը նշել է, որ դրանք են որակյալ առողջապահական, բժշկական ծառայությունների զարգացումը, որակյալ կրթության հասանելիությունը, մասնագիտական կարողությունների ընդլայնումն ու ջրամատակարարման համակարգերի զարգացումը:
Կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ծրագրի իրագործմամբ ակնկալվում է բարելավել տնային տնտեսությունների եւ համայնքների կենսաապահովման միջոցների ու սոցիալական ծառայությունների հասանելիությունը, ընդլայնել մարզում տնտեսական գործունեության եւ զբաղվածության հնարավորությունները, ապահովել ջրամատակարարման համակարգերի կայունությունը եւ բնակչության համար խմելու ջրի որակն ու հուսալիությունը:
Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է վարկավորման հիմնական պայմանները, նշել, որ ծրագրի ներքո բոլոր միջոցառումները կիրականացվեն ֆինանսական պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը: Նա ներկայացրել է փաստաթղթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում և ընդունվել է:

