16 դեկտեմբերի 2025 – 15:59 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով Իրանի արձագանքը «Թրամփի ուղի» նախագծին, ասել է, որ ՀՀ–ն հաշվի է առնում իր հարևանների բոլոր կենսական շահերը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանն ասել է, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ ընդգծելով, որ Թեհրանը կտրուկ դեմ է այդ նախագծին։
«Բացառվում է՝ Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չլինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Երկրորդը՝ մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, և Իրանի դեպքում այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Չենք կարծում, որ այստեղ կա որևէ անհանգստանալու բան»,– ասել է Ռուբինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ այս հարցում Հայաստանը մշտական կապի մեջ է գործընկերների հետ։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա Ռուբինյանը հիշեցրեց՝ այդ դիրքորոշումն արտահայտվում է երկրի արտաքին գործերի նախարարության միջոցով, և Հայաստանը առաջնորդվում է հենց այդ մակարդակով հնչող հայտարարություններով։
Նա նաև ընդգծել է, որ նախագծում հաշվի են առնվել Թեհրանի՝ այս թեմայի շուրջ հստակ սահմանած կարմիր գծերը։
«Դա ոչ միայն Իրանի, առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,– շեշտել է ԱԺ փոխնախագահը։
«TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքը» չէ։ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է ՀՀ-ի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության ներքո և հավասարության սկզբունքներով»,–ասել , հայտնում է Aysor.am-ը։
Ինչ վերաբերում է ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը կամ ներգրավվածությանը «Թրամփի ուղի» նախագծին, Ռուբինյանը նշել է, որ այդ մասով քննարկումներ չկան։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է խորհրդակցությունների Հայաստանի հետ «Թրամփի ուղի» նախագծի պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության շուրջ։Կալուգինը նաև ասել է, որ, ըստ էության, ճանապարհն անցնելու է մեծամասամբ ռուս սահմանապահների պատասխանատվության գոտիով։