Կոնջորյան․ Չի ասվել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ ՀՀ վզին

Կոնջորյան․ Չի ասվել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ ՀՀ վզին

16 դեկտեմբերի 2025 – 16:13 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում անդրադարձել է Արցախին վերաբերող հայտարարություններին՝ հստակեցնելով մի ձևակերպում, որն ակտիվորեն շահարկվել է հանրային դիսկուրսում։

«Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են»,– նշել է Կոնջորյանը, գրում է Auroranews.am-ը։

Նա ընդգծել է, որ հենց նախորդ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ են ամենաշատը նպաստել դրան։

«Ղարաբաղի հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է Ռոբերտ Քոչարյանը, ումից այսօր դատախազության «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, որքան հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար:

Պետությունը 250 միլիոն վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծի, Քոչարյանից ապօրինի գույքով միայն հաստատված հայցագիրը կազմում է 200 միլիոն դոլար: Ղարաբաղից մեկ այլ, բայց ոչ բռնի տեղահանված Ռոբերտ Քոչարյանի, որը եկել է ու այստեղ դարձել է դոլարային մուլտիմիլիոնատեր»,-ասել է նա։

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքել է։

«Մոգական էր, պարոն Կոնջորյան։ Այն քաղաքական ուժը, որը ասում էր՝ Արցախը թոկ է, Արցախը մեր հանրապետության անկախությանը խոչընդոտ է, իսկ հիմա պարզվում է, որ նույն ուժը, սրտի ցավով, հայտարարում է, թե այնտեղ հեղաշրջում է տեղի ունեցել։ Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ «շրջվելուն»,– նշել է Խաչատրյանը, գրում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվ քննարկվող հարցին՝ զինատեսակների ձեռքբերման նպատակով վերցված պետական վարկերին, Խաչատրյանը նշել է, որ իրենց խմբակցությունը չի առարկում վարկ վերցնելուն, այլ կասկածի տակ է դնում դրա նպատակային օգտագործումը։

«Բայց երբ վեր են կենում ու հայտարարում, թե 8 միլիարդի վարկ են վերցրել և ամբողջ 8 միլիարդով զենք են գնել, հարց է առաջանում՝ բա ճանապարհներն ինչի՞ հաշվին եք կառուցել։ Ակնհայտ չէ՞, որ 8 միլիարդի վարկը զուտ զենք գնելու համար չէր վերցվել»,– ընդգծել է Արթուր Խաչատրյանը՝ սա որակելով որպես մանիպուլատիվ մոտեցում։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր․ «Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար»։

Leave a Comment