16 դեկտեմբերի 2025 – 14:50 AMT
PanARMENIAN.Net – 2025–ի 50-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակների տարածման բարձր մակարդակ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հանրապետությունում շարունակում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։ Բացի այդ, տարածվում են նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ, այդ թվում՝ ռինովիրուսը և բոկավիրուսը։
Ընդհանուր հիվանդացության դեպքերի մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում 0-18 տարեկան երեխաներին։ Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվում են 0-14 տարեկանների շրջանում։
«Վիրուսից և դրա բարդություններից խուսափելու համար՝ պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա), խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ, հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ, կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ»,– ասված է կենտրոնի հայտարարությունում։