Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 37-ամյա տղամարդ է ձերբակալվել ծնողների սպանության կասկածանքով, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Կարեն Դեմիրճյան փողոցում բնակվող ամուսնական զույգը չի արձագանքում դռան զանգերին: Փրկարարները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։
Իրավապահները պարզել են, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։ Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալի անունը Նարեկ է։ Յոթ տարի առաջ նա փորձել էր սպանել իր ծնողներին և երկար ժամանակ հաշվառված էր հոգեբուժական կենտրոնում։
