ՀՀ ներքին գործերին միջամտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ համագործակցությունն իրականացվում է փորձի փոխանակման շրջանակում․ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե Հայաստանը ընտրություններին ընդառաջ աջակցություն է խնդրել Եվրամիությունից։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին պետք է հարց ուղղել ոչ թե ԵՄ-ի, այլ այն անձանց հնարավոր ազդեցության վերաբերյալ, որոնք, ըստ նրա, միջամտում են Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, այդ թվում՝ ռուսաստանցի օլիգարխների։ Խանդանյանը նշեց, որ նման միջամտությունների ակնհայտ օրինակներ արդեն իսկ եղել են։
Պատգամավորը ընդգծեց, որ հիբրիդային հարձակումները կարող են լինել ոչ միայն արտաքին, այլև ներքին աղբյուրներից։ Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցների հրապարակումները և վերնագրերը վկայում են ապատեղեկատվության տարածման մասին, որը վնասում է երկրի ժողովրդավարությանը։
Խանդանյանը հավելեց, որ չի պնդում՝ բոլոր սպառնալիքները գալիս են բացառապես Ռուսաստանից, սակայն ռուսական պետական մեդիայում և հանրային դեմքերի կողմից Հայաստանի և այստեղ ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ հնչող գնահատականները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության դրսևորում։
Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ մեկին դրսից չի բերում, իսկ ԵՄ-ի հետ համագործակցությունը, ի թիվս այլ հարցերի, ուղղված է նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և նման սպառնալիքներին դիմակայելուն՝ եվրոպական գործիքակազմի միջոցով։