Արցախի պահպանության կոմիտեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից պահանջում է անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, տեղեկանում ենք կոմիտեի հայտարարությունից։
Կոմիտեում նշել են, որ նրա վերջին վարքագիծն ու հանրային քայլերը հանգեցրել են վստահության փաստացի փլուզման՝ թե՛ արցախահայության, թե՛ թեմական կյանքի ներսում։
Կոմիտեն դատապարտել է երևույթը, ըստ որի՝ Արցախի թեմի առաջնորդի անունն ու դիրքը հայտնվել են քաղաքական շփումների և գործընթացների կենտրոնում՝ այն պայմաններում, երբ արցախահայությունը դեռ կրում է տեղահանության, կորստի և ազգային աղետի հետևանքները։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակում «տվյալ առաջնորդությունը այլևս չի ապահովում թեմի միասնականությունը, հեղինակությունն ու հոգևոր անվտանգությունը»։
Կոմիտեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նաև կոչ է արել առանց ձգձգման նշանակել ժամանակավոր տեղապահ՝ պահանջելով, որ Աբրահամյանը հրապարակային, հստակ և փաստարկված պատասխան տա՝ ինչ սկզբունքներով և ինչ պատասխանատվությամբ է առաջնորդվել։
Վրթանես եպիսկոպոսն այն 8 բարձրաստիճան հոգևորականների թվում էր, որոնք նոյեմբերի 28-ին կառավարությունում հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո 10 հոգևորականներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Արցախցիները քննադատել էին թեմի առաջնորդի քայլերը։
Կարդացեք նաև՝
Դատապարտում ենք այդ մոտեցումները․ Արցախի թեմական խորհուրդը՝ թեմակալ առաջնորդի քայլերի մասին
ՀԱԵ Արցախի թեմն արձագանքել է Արցախի թեմական խորհրդի տարածած հայտարարությանը
