Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավարը Գարեգին Բ-ին հեռացնելու առցանց հարթակի պատասխանատուն է․ ԶԼՄ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու համար ստեղծված էլեկտրոնային Barenorogum.am կայքէջի պատասխանատուն Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավար Ալմաստ Մուրադյանն է, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Կայքն առաջարկում է էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ «Կաթողիկոսի հեռացման և եկեղեցու բարենորոգման խնդրին»:

Մուրադյանը թերթին հայտնել է, որ կայքի նախաձեռնությունը 10 եպիսկոպոսներինն է, և հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներգրավվածությունը։ Նա տեղեկացրել է, որ ֆինանսական ներդրումն ինքն է արել, սակայն գումարի չափը չի նշել։ Մուրադյանի պնդմամբ՝ իրեն այդ գործի պատասխանատու են նշանակել որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ անհատ։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։

Leave a Comment