Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող գործընթացների ֆոնին ամենագլխավոր սպառնալիքը հանդիսանում են Եվրամիության գործողությունները, ավելի ճիշտ՝ այն քաղաքական էլիտան, որը, նրա բնորոշմամբ, զավթել է իշխանությունը Բրյուսելում։ Այդ մասին նա նշել է Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում։
Լավրովի խոսքով՝ այդ էլիտան փորձում է ենթարկեցնել ազգային կառավարություններին և թելադրել սեփական քաղաքական օրակարգը։
«Եվրոպան բազմիցս դարձել է բոլոր չարիքների աղբյուրը, խորը ճգնաժամերի ծնունդը»,- ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նրա գնահատմամբ՝ ներկայումս Եվրոպան կրկին փորձում է բոլորին պարտադրել իր պայմաններն ու ցանկությունները, ինչը, ըստ Լավրովի, անմիջականորեն կապված է ուկրաինական ճգնաժամի շուրջ զարգացումների հետ։