«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ, այսպես կոչված, «Թրամփի ծրագիրը» Կովկասի համար գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը՝ հավելելով, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան։

Վելայաթին այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ, որտեղ երկու կողմերը քննարկել են վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, գրում է IRNA-ն։

Նա ասել է, որ Իրանը սկզբից դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է իր շրջակա անվտանգության միջավայրին սպառնացող վտանգներից։

Նա պնդել է, որ միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում՝ լուրջ անվտանգության ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային մասերի համար: Նա հավելել է, թե «Թրամփի ծրագիրը» գործնականում նույն նախագիծն է, միայն անվանափոխված, և այժմ իրականացվում է ամերիկյան ընկերությունների մուտքի միջոցով Հայաստան։

Վելայաթին ասել է, որ Միացյալ Նահանգները պատմականորեն զգայուն տարածաշրջաններ մտնելու պատմություն ունի տնտեսական նախաձեռնությունների տեսքով ներկայացված նախագծերի միջոցով, սակայն նման ներգրավվածությունը աստիճանաբար ընդլայնվել է ռազմական և անվտանգության ոլորտներում։

Իր հերթին, դեսպան Հակոբյանը Իրանի հետ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական և ասել, որ Թեհրանի հետ կապերի ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment