Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է

Չիլիի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը Հանրապետական ​​կուսակցությունից։ Ընտրական հանձնաժողովը կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է, որ ձայների 83%-ի հաշվարկից հետո նա ստացել է ձայների մոտավորապես 59%-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա գլխավոր մրցակիցը՝ 51-ամյա Ժանետ Խարան, Չիլիի կոմունիստական ​​կուսակցության անդամ և իշխող ձախ-կենտրոն դաշինքի թեկնածուն, արդեն ընդունել է պարտությունը։ Նա ստացել է ձայների մոտ 41%-ը և հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է մրցակցին։ Կաստը նախագահի պաշտոնը կստանձնի երրորդ փորձից։ Իր քարոզարշավի ընթացքում նա շեշտը դրել էր հանցագործության և անօրինական ներգաղթի դեմ պայքարի խիստ միջոցառումների վրա։

Կաստի ծնողները՝ Միխայել Կաստ Շինդելեն և Օլգա Ռիստ Հագշփիլը, ծագումով Բավարիայից են։ Նրա հայրը Վերմախտի լեյտենանտ էր և Ազգային սոցիալիստական ​​գերմանական աշխատավորական կուսակցության անդամ, նա 1950 թվականին Գերմանիայի դենացիֆիկացիայի ժամանակ փախել է Չիլի։

Առաջին փուլից հետո ելույթ ունենալով՝ Կաստը հայտարարել էր. «Մենք կվերականգնենք մեր հայրենիքը»։ Ինը երեխաների հայր և բարեպաշտ կաթոլիկ լինելով՝ նա արդեն խոստացել է արտաքսել հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների, հիմնականում վենեսուելացիների։

Խոսե Անտոնիո Կաստը կլինի Չիլիի առաջին ծայրահեղ աջ գործիչը՝ Աուգուստո Պինոչետի 1973-1990 թվականների բռնապետությունից ի վեր։

Սանտյագոյում ծնված Կաստը սովորել է իրավագիտություն տեղի կաթոլիկ համալսարանում և 30 տարի զբաղվում է քաղաքականությամբ։ Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա պաշտպանել է աբորտների արգելքը, ինչպես նաև հանդես է եկել արտակարգ հակաբեղմնավորման, ամուսնալուծության, միասեռ ամուսնությունների և էվթանազիայի դեմ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն շնորհավորել է Չիլիի ընտրված նախագահին հաղթանակի կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է նրա վարչակազմի հետ համագործակցելուն՝ տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու և մեր առևտրային հարաբերությունները խթանելու համար», – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում: Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը , իր հերթին, նշել է, որ «անսահման ուրախություն է  ապրել Կաստի համոզիչ հաղթանակի կապակցությամբ»։

Առաջին փուլում մրցել է ութ թեկնածու: 2012 թվականից ի վեր առաջին անգամ Չիլիի ընտրություններում քվեարկությունը պարտադիր էր: Խոսե Անտոնիո Կաստը պաշտոնը կստանձնի մարտի 11-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment