Երևանում վերջին օրերին օդի որակի էական բարելավում է արձանագրվել․ հյուսիսային քամու ներթափանցման արդյունքում փոշու ցուցանիշները հասել են ամառային ցուցանիշների մակարդակներին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսային քամի, նաև մեր 181 տվիչները ցույց են տալիս, որ օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել․ այն զգալի է այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։
Այս մասին այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնականատար Սիրարփի Հայկազյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքում օդի որակի խնդրին։
Նրա խոսքով՝ երեկ առավոտյան PM2.5-ի ցուցանիշը կազմում էր 29-30, իսկ այսօր արդեն 65,8։
«Մենք չենք բավարարվում միայն նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն։ Ավագանու նիստով 2 որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու` նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները», – ասաց Հայկազյանը։
Հայկազյանի խոսքով՝ փոփոխություններից մեկը վերաբերելու է ավագանու 405 N որոշմանը, որով լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ, իսկ երկրորդը՝ ավագանու 48 N որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններն են, որով պարտադիր բարեկարգման նորմերը կիրառվելու նաև հանքավայրերի նկատմամբ։
Քաղաքապետն էլ նշեց, որ օդի որակի խնդիրը Երևանում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով և մեր աշխարհագրական դիրքով։
«Մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա, և այդ առումով ամբողջապես այն աշխատանքները, որոնք արվում են, որոշակի ազդեցություն թողնելու են»,- նշեց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ գլոբալ փոփոխությունների համար պետք է շարունակաբար դիտարկել մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևանից դուրս, որպեսզի կարողանանք թեկուզ որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք բերում են այդ ծուխը, այդ օդը դեպի քաղաք։