
Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող դավադրության տեսությունները՝ ընդգծելով, որ անանուն աղբյուրները չեն համապատասխանում իրականությանը, և որ ամերիկյան թիմն ուշադիր քննարկում է Կիևի դիրքորոշումը։
«Կարևոր է, որ ամերիկյան կողմը լիովին ներգրավված մնա խաղաղության գործընթացում և փորձի գտնել քայլեր, որոնք կարող են հանգեցնել պատերազմի արդար և կայուն ավարտի։ Անարդար և սխալ է բնութագրել ամերիկյան թիմի մոտեցումը, որը ժամանակ, ջանքեր և ռեսուրսներ է ներդնում խաղաղություն հաստատելու գործում։ Յուրաքանչյուր թիմ ուշադիր լսում է մյուսին։ Ուկրաինայի դիրքորոշումը շատ հստակ է։ Անանուն աղբյուրները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է դիվանագետը X-ում։
Նա նշել է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ մասնակցում է ամերիկյան կողմի հետ բանակցություններին։
«Ես կասեի, որ լրատվամիջոցներում շրջանառվող դավադրության տեսությունները սխալ են։ Ես դրականորեն տպավորված եմ մեր ամերիկացի գործընկերների կողմից Ուկրաինայի շահերի և դիրքորոշման ըմբռնման մակարդակով», – հայտարարել է Կիսլիցան։