Պապոյան․ Էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1–ը

Պապոյան․ Էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1–ը

15 դեկտեմբերի 2025 – 18:37 AMT

PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, ասել է, որ էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1–ը։

Կառավարությունն առաջարկել է 2026 թվականին ԱԱՀ-ից ազատել նաև այն քաղաքացիներին և ընկերություններին, որոնք ներկրում են էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաներ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս կանոնն ամբողջությամբ պահպանել ենք, լրացրել ենք բեռնատար մեքենաների կետը, և այդ կանոնը կգործի 2026 թվականի փետրվարի 1-ից»,– ասել է Պապոյանը։

Նախարարը հիշեցրել է, որ դեռ հոկտեմբերի 16-ին հայտարարվել է՝ էլեկտրամոբիլներ ներմուծող տնտեսվարողները ևս մեկ տարով կազատվեն ԱԱՀ վճարելու պարտավորությունից։ Արտոնությունն ընդգրկում է 2024 թվականից հետո արտադրված էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսները, մարդատար մեքենաները, մոտոցիկլետները և մոպեդները։

Պապոյանը հայտնել է, որ նախագիծն արդեն ստացել է բազմաթիվ արձագանքներ քաղաքացիներից, որոնցից շատերը նշել են, թե նախապես պատվիրել են 2024-ից շուտ արտադրված մեքենաներ և այժմ մտահոգ են, որ չեն օգտվի արտոնությունից։

«Բայց մենք չէինք էլ հայտարարել, որ երկարացնելու ենք, հետևաբար անձը ներմուծելու համար պատվիրելիս գիտակցել է, որ ԱԱՀ պիտի վճարի։ Հարցադրումները շատ էին, ու մենք, այնուամենայնիվ, ընդառաջեցինք։ Հիմա ասում ենք՝ հաջորդ տարի մինչև փետրվարի 1-ը նրանք էլ ԱԱՀ չեն վճարի։ Այսինքն՝ եթե մինչև փետրվարի 1-ը ներմուծվում է 2020, 2021, 2022, 2023 թվականի մեքենա, ապա կրկին ազատվում է ԱԱՀ-ից»,– հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ իրենք նախապես չէին նախատեսել նման նախաձեռնություն, ուստի ընդունված նախագիծը կարելի է համարել «հաճելի անակնկալ» քաղաքացիների համար։

2026 թվականին Հայաստանը կստանա էլեկտրամոբիլների 15 հազար հատ անմաքս քվոտա։ Մինչ այդ, տրամադրվել էր 8000 քվոտա՝ 5000-ը՝ ֆիզիկական անձանց, իսկ 3000-ը՝ դիլերների համար։

Leave a Comment