15 դեկտեմբերի 2025 – 18:27 AMT
PanARMENIAN.Net – Արցախի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղհասարակության անդամներ նամակով դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին՝ հայտնելով իրենց դժգոհությունն ու մտահոգությունները Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործունեության վերաբերյալ։ Նրանք խնդրել են նրան քննարկել Վրթանես սրբազանին փոխելու հարցը:
Նշվում է, որ ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը։
«Արցախցիներս ակամայից կանգնած ենք ցավալի իրողության առաջ՝ դիմել Ձերդ Սրբությանը՝ հայտնելով մեր խորը հիասթափությունն ու զայրույթը ՀԱՍԵ Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին քայլերի և հրապարակային պահվածքի վերաբերյալ։
Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։
Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում։ Նա, մասնավորապես, հարգանքի ու պատվի է արժանացնում Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացի միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին։
Նման քայլը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իրականացման ձևով մեր բոլորի կողմից ընկալվեց ոչ միայն խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև, այլ նաև վերջինիս քայլերի ուղղակի արդարացում, ինչը, իհարկե, առաջացրեց Արցախի մեր ժողովրդի արդարացի զայրույթն ու վստահության կորուստը տվյալ հոգևոր առաջնորդի նկատմամբ։
Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ։
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։
Ձերդ Սրբությանը խնդրում ենք ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն։
Հայտարարությանը միացել է 20–ից ավելի հասարակական կազմակերպություն, ինչպես նաև հայտնի հասարակական գործիչներ, այդ թվում՝ Արցախի երկրորդ և երրորդ մարդու իրավունքների պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Նրանց թվում էր նաև Արցախի թեմի առաջնորդը։