15 դեկտեմբերի 2025 – 18:29 AMT
PanARMENIAN.Net – «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է ուսումնասիրություն՝ անդրադառնալով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» կառավարության որոշման նախագծին։
Հիմնավորումն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պայմանները ծայրահեղ անբավարար են և չեն պահպանում քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող տեխնիկական չափանիշները, բացի այդ, չեն համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին՝ այդպիսով հակասելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին:
Նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 100 լրակազմ ունեցող նոր տեղամասում, իսկ նույն հիմնարկի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:
Այդպիսով ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը։
ՀԿ ուսումնասիրության մեջ ասվում է․
- «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակումը նախատեսված է միայն նոր քրեակատարողական հիմնարկ կառուցվելու դեպքում։ Ինչ խոսք, Կազմակերպությունը ողջունում է խնդրահարույց հիմնարկի փակումը, այնուամենայնիվ, մտահոգիչ է այն, հիմնարկում պահվող անձանց «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելը կարող է նոր մարտահրավերներ առաջացնել։
- Մասնավորապես, թեև պաշտոնական հրապարակումներում նշվում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվել է օդափոխության համակարգ, Կազմակերպությունն այցելությունների ընթացքում արձանագրել է, որ այն գործում է խափանումներով՝ պայմանավորված ջրամատակարարման անկայունությամբ։ Այս պայմաններում պարզ չէ, թե արդյո՞ք բժշկական ստորաբաժանման նորաստեղծ տեսամասն ապահովված է լիարժեք օդափոխությամբ, և կատարվու՞մ են արդյոք անհրաժեշտ քայլեր, որպեսզի հիմնարկի տվյալ տարածքում տեղադրված լինելու պարագայում օդափոխության համակարգն աշխատի անխափան։
- Բացի այդ, նախորդ տարիներին Կազմակերպությունը ստացել է մեծ թվով բողոքներ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող այն ազատազրկված անձանցից, ովքեր ունեին սիրտ-անոթային կամ ճնշման հետ կապված խնդիրներ, որոնք սրվում են հատկապես տաք եղանակին՝ հիմնարկի աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով։ Նման առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, հատկապես ստացիոնար բուժում ստանալու պայմաններում, կենսական անհրաժեշտություն է կայուն օդափոխությունը, ինչի հետ կապված, փաստորեն, առկա են օբյեկտիվ մտահոգություններ։
- Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ «Արմավիր» ՔԿՀ-ում մշտապես արձանագրվում են ամենամեծ թվով մահվան, ինքնասպանության, ինքնավնասման և հացադուլ հայտարարելու դեպքերը, ինչը պայմանավորված է այնտեղ պահվող ազատազրկված անձանց մեծ թվակազմով։ Այս դեպքում Կազմակերպությունն ունի հիմնավոր մտահոգություն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, ինչպես նաև այլ քրեակատարողական հիմնարկներից ազատազրկված անձանց ստացիոնար բուժման նպատակով տեղափոխումը «Արմավիր» ՔԿՀ կարող է հավելյալ ծանրաբեռնել հիմնարկը, առաջացնել կառավարման թերացումներ, խորացնել մարդկային ռեսուրսների՝ այդ թվում բուժանձնակազմի պակասը՝ միևնույն ժամանակ հանգեցնելով մահվան, ինքնասպանության, ինքնավնասման և հացադուլ հայտարարելու դեպքերի աճին»։
Կազմակերպության համար ամբողջությամբ հստակ չէ, թե ի՞նչ պայմաններում է ապահովվելու «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» տեղափոխված ազատազրկված անձանց խնամքը, անվտանգությունը և հսկողությունը։ Արդյո՞ք կենտրոնն ապահովված է բավարար մահճակալներով, անվտանգության համակարգերով, արդյո՞ք կենտրոնի աշխատակիցները ստացել են համապատասխան վերապատրաստումներ՝ ազատազրկված անձանց հետ մասնագիտական աշխատանք իրականացնելու համար։
Կազմակերպությանը մտահոգում է նաև այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման ժամանակահատվածը բավականին կարճ էր՝ 2025 թվականի օգոստոսի 7–25-ը։