15 դեկտեմբերի 2025 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նա նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է 2026 թվականի ընթացքում հնարավորություն տալ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծել առանց ԱԱՀ-ի՝ բացառությամբ բեռնատար մեքենաների: Պատգամավորներից ստացվել են առաջարկություններ՝ ավելացնել նաև բեռնատար էլեկտրաշարժիչով մեքենաները, դրանք ևս ավելացվել են այդ ցանկում, հայտնում է 1lurer.am-ը։
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի նախագծով նախատեսվող ժամկետների, ներմուծվող մեքենաների արտադրության տարեթվերի, դիլերներին տրամադրվելիք քվոտաների վերաբերյալ:
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ կարևոր քայլ է կատարվում:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կքննարկվի դեկտեմբերի 16-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստում: