«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մեր ձևով» ժողովրդական շարժումն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան մեղադրել հրահանգներ իջեցնելու մեջ։
«Այսօր Նիկոլը վախեցած է, քանի որ զգում է՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը թափ է հավաքում։ Նա մի կողմից՝ կոչ է անում «բարեկիրթ խոսքի», մյուս կողմից` հրահանգներ է իջեցնում էկոնոմիկայի նախարարին (Գևորգ Պապոյան-խմբ․)։ Անձնական որակումներն ու դատարկ խոսքերը պատասխան չեն բարձր գնաճին, թուլացած բանակին, ազգային արժեքների վրա գրոհին և ավանդույթների խաթարմանը»,- ասված է հայտարարության մեջ։
«Մեր ձևով» շարժումը շեշտել է՝ «Փաշինյանը թույլ առաջնորդ է, որը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն միայն աղմկում է»։
«Կարապետյանը վերականգնելու է պետության ներուժը: Նիկոլն ու իր փոքրիկ խմբակը կարող են շարունակել նույն ոճով։ Մենք շարունակելու ենք աշխատել, ստեղծել և մարդկանց հույս տալ, մինչև Հայաստանը դարձնենք ավելի ուժեղ և ավելի հզոր»,- ասված է հայտարարության մեջ:
«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
