Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը, ռեժիմի տապալումից մեկ տարի անց, Մոսկվայում ապրում է շքեղ, բայց մեկուսացված կյանքով։
Ըստ The Guardian-ի հրապարակման՝ Ասադները բնակվում են Ռուբլյովկա էլիտար թաղամասում, որտեղ հարևանությամբ են ապրում այնպիսի գործիչներ, ինչպես նախկին ուկրաինացի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։
Ընտանիքի կարողությունը, որը մեծ մասամբ տեղափոխվել է Մոսկվա՝ խուսափելու արևմտյան պատժամիջոցներից, ապահովում է նրանց ֆինանսական անկախություն։ Սակայն Ասադը խիստ վերահսկողության տակ է. ռուսական կողմը արգելում է նրան զբաղվել քաղաքական կամ մեդիա գործունեությամբ։
«Ասադը կարող է ապրել այստեղ, բայց չի կարող զբաղվել քաղաքականությամբ», – հայտարարել է Իրաքում ՌԴ դեսպանը։
Հետաքրքիր է, որ նախկին բժիշկ-ակնաբույժ Բաշարը վերադառնում է իր մասնագիտությանը։ Ընտանիքի մտերիմներից մեկը պատմել է, որ նա սովորում է ռուսերեն և թարմացնում է ակնաբուժության գիտելիքները՝ «սա նրա կիրքն է»։
Կինը՝ Ասմա ալ-Ասադը, ով հաղթահարել է լեյկեմիան Մոսկվայում բուժվելիս, և երեխաները՝ Հաֆեզը, Զեյնը և Կարիմը, վարում են հանգիստ կյանք՝ այցելելով շքեղ խանութներ, մարզասրահներ և երբեմն ճանապարհորդելով ԱՄԷ։
Ասադների կյանքը Մոսկվայում մեկուսացված է սիրիական և ռուսական էլիտայից, և նրանք քիչ կապեր ունեն արտաքին աշխարհի հետ։
