ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Տիրադավերը եթե Պետրոսի նման դառնորեն լացեն, վերադառնան, Աստված կների։ Այս մասին դատարանի դահլիճում նիստից առաջ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նշենք, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ապստամբած, Նիկոլ Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգևորականները ստացել են «տիրադավ» անվանումը։ Նրանք են՝ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քյարամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հիշեցնենք՝ տևական ժամանակ է, որ ՀՀ իշխանությունը արշավ է սկսել Հայ եկեղեցու ու հատկապես Կաթողիկոսի դեմ։ Անազատության մեջ են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
–00—ՅՄ