Խեցեգործությունը որպես գեղագիտական կրթության գործիք՝ «Կոմիտաս. Հող և երգ» ծրագրում․ «Վերնատուն»

Արվեստի մարզային և կրթական նախաձեռնությունների թեմայի շրջանակներում քննարկվում ենք Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ԺԱԻ) «Կոմիտաս․ Հող և երգ» նախագիծը։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին՝ Գյուլագարակ համայնքում՝ ոգեշնչված Կոմիտասի կյանքով և գործունեությամբ։ Գյուլագարակ համայնքը, մասնավորապես՝ Վարդաբլուր գյուղը, կապված է Կոմիտասի անվան հետ, քանի որ հենց այստեղ է նա գրի առել հայտնի Լոռվա գութաներգն ու Կալի երգը։

Ծրագրի հիմքում ընկած է նաև խեցեգործության ավանդույթը, որը կապվում է Կոմիտասի և նրա ծննդավայր Քյոթահիայի հետ, որը եղել է Օսմանյան կայսրության խեցեգործական արվեստի կենտրոնը։ Հիմնվելով այս պատմության և ավանդույթի վրա՝ ԺԱԻ–ն նախաձեռնել է «Կոմիտաս. Հող և երգ» ծրագիրը։

Ժամանակակից արվեստի ինստիտուտի հաղորդակցության և արտադրության պատասխանատու Կարինե Արոյանը և խեցեգործ–արվեստագետ Արմինե Հովհաննիսյանը խոսում են ծրագրի շրջանակներում Ստեփանավանի Մշակույթի և ժամանցի կենտրոնում բացված խեցեգործական արվեստանոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը, Արմինե Հովհաննիսյանի արվեստի կրթության առանձնահատկությունները և ծրագրի շարունակականությունը։

Արմինե Հովհաննիսյանը շեշտում է, որ խեցեգործության դասերին մասնակցած երեխաները չեն եկել բաժակ կամ ափսե պատրաստելու, ինչպես ընդունված է, այլ ստացել են գեղագիտական կրթություն։

«Իմ խնդիրն էր ինչպես շեղել նրանց համընդհանուր պատկերային մտածողությունից, ինտերնետային, սոցիալական հարթակների տարածքից և բերել իրենց երազանքների, երևակայության տարածք, որտեղ կատարյալ ազատություն կտրվի նրանց։ Եվ նրանք կկարողանան ստեղծել հենց թեկուզ իրենց կերպարը, որը գոյություն չունի աշխարհում։ Հիմքում ընկած էր նոր տեսակի մտածողությունը, նոր տեսակի գործիքակազմը», – պատմում է Արմինե Հովհաննիսյանը։

Leave a Comment