«Վերնիսաժից» մինչև ռեստորան․ լեհ երկրպագուների խուլիգանության գործով քրեական վարույթ է նախաձեռնվել 16 անձի նկատմամբ


Հասարակություն


Դեկտեմբերի 12-ի գիշերը ՆԳՆ-ում ահազանգ էր ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի երկրպագուներն անկարգություններ են անում։

Հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածով ձերբակալվել և ոստիկանություն էր տեղափոխվել Լեհաստանի 17 քաղաքացի։ 

Վերնիսաժում տեղի ունեցած դեպքի առթիվ ՔԿ-ում վարույթ չէր նախաձեռնվել։

Դեպքից հետո, սակայն, լեհ երկրպագուները Երևանի ռեստորաններից մեկում  խուլիգանություն են կատարել։

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնել են, որ այս դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից):

«Կատարվում է նախաքննություն: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ:

Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու ագելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 5-րդ փուլում «Նոան» 2։1 հաշվով հաղթել էր լեհական «Լեգիային»` գործնականում ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր։


Leave a Comment