ԵՄ-ն ՀՀ իշխանությունների հետ քննարկել է «արտաքին ազդեցության դեմ պայքարի» համար ընտրություններից առաջ օգնություն տրամադրելու հարցը․ Կալաս

ԵՄ-ն քննարկել է Հայաստանի իշխանությունների հետ «արտաքին ազդեցության դեմ պայքարի» համար խորհրդարանական ընտրություններից առաջ օգնություն տրամադրելու հարցը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ 

Նա մանրամասնել է, որ Եվրամիությունը ՀՀ իշխանությունների հետ քննարկել է առաջիկա ընտրությունները և ընտրական գործընթացին աջակցելու հնարավոր միջոցառումները։

Կալասի խոսքով՝ Հայաստանում սպասվում են ընտրություններ, և Երևանն օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Մասնավորապես, քննարկումը կենտրոնացած է «չարամիտ արտաքին ազդեցության դեմ պայքարի» միջոցառումների վրա, որոնք նման են Մոլդովային նախկինում տրամադրված աջակցությանը։

Կալասն ընդգծել է, որ Եվրամիությունը քննարկում է օգնության հնարավոր ձևերը՝ ժողովրդավարական գործընթացների կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

Դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելն ընդունել էին ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարություն՝ ի նշան հարաբերությունների նոր մակարդակի։ Բրյուսելը վերահաստատել էր իր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ անվտանգության, տնտեսական և վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչպես նաև ֆինանսական օգնությանը՝ դիմադրողականության և խաղաղության նախագծերի ամրապնդման համար։ 

Leave a Comment