15 դեկտեմբերի 2025 – 12:12 AMT
PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանն անդրադարձել է անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքներին՝ ներկայացնելով ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղություններով հետագա համագործակցության ընդլայնման ու նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները։
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ կառավարության կողմից շարունակաբար ձեռնարկվել են քայլեր՝ ուղղված գերիների ու անհետ կորածների խնդիրների լուծմանը, որոնց շրջանակում կատարվել են ծավալուն աշխատանքներ, մի շարք գերիներ վերադարձվել են հայրենիք, իսկ անհետ կորածների մասով որոշակի հստակեցում է ապահովվել։