15 դեկտեմբերի 2025 – 13:05 AMT
PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նման մտադրություն չկա։
Նա պաշտոնապես հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը:
«Որոշ շրջանակներ հատուկ հիբրիդային հարձակումների պայմաններում փորձում են վախ և տագնապ տարածել մեր ժողովրդի մեջ և պնդում են, որ մենք փորձում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Նրանք մեջբերում են վարչապետի խոսքերն ԱԺ–ում, թե ինչ տարիք է 63-ը կամ 65-ը. մարդ կարող է այդ տարիքում աշխատել, ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվել։ Դա իրոք այդպես է, որովհետև ժամանակակից գիտությունը, բժշկությունը մեզ թույլ են տալիս ապրել շատ ավելի երկար, առողջ լինել շատ ավելի երկար տարիներ և, այո, նաև աշխատել։ Եվ մենք այսօր էլ ունենք տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուրհազարավոր քաղաքացիներ, որոնք այդ տարիքում աշխատում են, երջանիկ են իրենց աշխատանքով և շարունակելու են իրենց աշխատանքը դեռ երկար տարիներ։ Առողջություն եմ մաղթում բոլորին։
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, դա լկտի սուտ է»,- հայտարարել է Թորոսյանը։
Ավանեսյանն Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, ասել է, որ 63-65 տարեկան քաղաքացիները չեն ներառվել ապահովագրություն ստացողների ցանկում։ Նա հայտարարել է, որ առաջարկը չի ընդունվել, քանի որ բյուջեն արդեն 2026 թվականի համար առողջապահության ապահովագրության բյուջեն հաստատված է և 2027 թվականին կդիտարկեն առաջարկը
Հայաստանի գործող օրենսդրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր դարձել են 63 տարեկան և ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, իսկ ծերության նպաստը հասանելի է 65 տարին լրացած այն անձանց, ովքեր կենսաթոշակի իրավունք չունեն։