ԵՄ–ն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Գառնիկ Դանիելյանը` 15 մլն եվրո տրամադրելու մասին

Բաժանորդագրվել

Գառնիկ Դանիելյանի խոսքով` իշխանությունները ԵՄ–ից ստացված գումարներն օգտագործելու են զուտ ընդդիմադիրներին պախարակելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից ՀՀ–ին 15 մլն եվրո տրամադրելու մտադրությանը։

Դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։

Դանիելյանը հիշեցրեց, որ ԵՄ-ի միջամտեց Մոլդովայի ընտրություններին, ինչը փոխեց արդյունքները։

«Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպմանը շատ բարձր է գնահատել Մոլդովայում կատարված աշխատանքը։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Մոլդովայում։ ԵՄ-ն նույն սցենարով, հիբրիդային պատերազմի անվան տակ բավականին լուրջ աջակցություն տրամադրեց Մոլդովայի ընտրությունների ընթացքում, նաև կուսակցությունների արգելեցին մասնակցել։ Ընտրողների հետ կապված խնդիրներ առաջացրին, մասնավորապես՝ ՌԴ-ում ապրող Մոլդովայի քաղաքացիներին հնարավորություն չտվեցին մասնակցել ընտրություններին, բայց հակառակը՝ Եվրոպայում ապրողների համար խոչընդոտ չեղավ»,– ասաց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները ԵՄ-ից գումար են ուզում «պոկել» իրենց ներքին կարիքների համար։ Նա վստահ է, որ իշխանությունը ստացած գումարը հիբրիդային պատերազմի քողով օգտագործելու է բացառապես ընդդիմադիր ուժերին պախարակելու համար։

Նորմալ է, որ մեր ժողովրդավարությունը պաշտպանենք․ Պապոյանը՝ ԵՄ-ին դիմելու մասին

Leave a Comment