Այն, ինչ հայտարարվել է, ավելին ասել չեմ կարող, որովհետև հիմա հարցը քննչական կոմիտեի տիրույթում է և նոր բան նախաքննության շահերից ելնելով ես ասել չեմ կարող։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12–ին տեղի ունեցած դեպքին, երբ զինծառայողը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել և մահացել։
«Իհարկե, ցավում եմ դեպքի առնչությամբ, բայց նոր բան ասել չեմ կարող»,–ասաց նա՝ նշելով միայն, որ դեպքը տեղի է ունեցել հյուսիս–արևելյան հատվածում։
Անդրադառնալով Ամանորին ընդառաջ սահմանին հնարավոր լարվածությանը, Պապիկյանն ասաց. «Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է և պատրաստվում ենք Ամանորին։ Այո, տոնական օրերին բնականաբար ծառայությունը ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, քամին, բուքը, այսօր զինված ուժերը այլ մտահոգություններ ունի, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Հիմա խնդիրը քամին ու բուքն է։
Եթե Երևանում կամ նրա հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն, մենք մինչև 3500 մ բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը և արդեն հոկտեմբերից կարող է նաև ձյան շերտ տեսանելի լինել»։
Հարցին՝ ինչպե՞ս եք պայքարում ձնի ու բքի դեմ, նախարարը պատասխանեց. «Հետևողականությամբ։ Մեր բոլոր դիրքերը, դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են և ամեն ինչ արվում է, որ բանակային դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։