Շատ վախենալու էր. տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է և տուրբիններից մեկը վառվում է. Ավինյանը՝ վառվող ավտոբուսի մասին


Հասարակություն


Ավտոբուսն ունեցել է տեխնիկական անսարքություն՝ յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի պատճառով առաջացել է մեծ քանակի ծուխ. Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի ավտոբուս»-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը` անդրադառնալով Երևանում ուժեղ ծխարձակելով երթևեկող ավտոբուսին։


«Ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս և ուղևորվելիս է եղել հավաքակայան։ Տեղի ունեցածն անթույլատրելի է, միջադեպի կապակցությամբ մեր հանրությունից, խնդրում եմ ներողություն»,–հավելեց նա։



Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Իրականում շատ վախենալու պատկեր էր, այնպիսի տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է և տուրբիններից մեկը վառվում է։ Այն ինֆորմացիան, որ այստեղ հնչում է, պետք է տեղայնացվի ձեզ մոտ, այսինքն բոլորը պետք է տեղեկացված լինեն, ինչի մասին ենք մենք խոսում երկուշաբթի օրերը այստեղ»։


Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Երևանում ընթանում առատ ծուխ արձակող ավտոբուսը:


Leave a Comment