Ասադների ընտանիքը ՌԴ-ում ու ԱՄԷ-ում շքեղ կյանք է վարում, նախկին նախագահը «վերադառնում է ակնաբուժությանը». Guardian

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը Մոսկվայում կրկին փորձ է անում վերադառնալ բժշկությանը, իսկ նրա ընտանիքը ապչում է մեկուսացած, սակայն շքեղ կյանքով, գրում է The Guardian-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:

Նա, ըստ աղբյուրի, այժմ նստում է լսարաններում և ակնաբուժության դասեր է ուսանում։

«Նա ռուսերեն է սովորում և կրկին խորացնում է իր գիտելիքները ակնաբուժության ոլորտում: Դա նրա կիրքն է․ ակնհայտ է, որ փողի կարիք չունի», – ասել է Ասադների ընտանիքի ընկերը, որը կապի մեջ է մնացել նրանց հետ։

Նա նշել է, որ նույնիսկ Սիրիայում պատերազմի սկսվելուց առաջ երկրի նախկին ղեկավարը Դամասկոսում պարբերաբար զբաղվում էր ակնաբուժությամբ:

Սիրիայում ռեժիմի տապալումից մեկ տարի անց Ասադների ընտանիքը Մոսկվայում և ԱՄԷ-ում ապրում է մեկուսացած, հանգիստ ու շքեղ կյանքով։ Ընտանիքի ընկերը, Ռուսաստանում ու Սիրիայում աղբյուրները, ինչպես նաև արտահոսած տվյալները, ինչպես նշում է պարբերականը, հազվադեպ հնարավորություն են տվել պատկերացում կազմելու այն ընտանիքի կյանքի մասին, որը մի ժամանակ երկիրը ղեկավարում էր «երկաթե բռունցքով»։

Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ ընտանիքը, ամենայն հավանականությամբ, բնակվում է Մոսկվայի էլիտար Ռուբլյովկայում՝ փակ թաղամասում, որտեղ ապրում են երկրի ամենահարուստներն ու ազդեցիկները։ Այնտեղ նրանց հարևան կարող է լինել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը 2014-ին փախել է Կիևից և, ենթադրաբար, ապրում է այդ նույն շրջանում։

Ասադների ընտանիքը ֆինանսական խնդիրներ չունի։ 2011-ին ընտանիքը իր հարստության զգալի մասը տեղափոխել է Մոսկվա, որտեղ արևմտյան կարգավորող մարմինները չէին կարող հասնել այդ միջոցներին։

Չնայած հարմարավետ պայմաններին՝ ընտանիքը կտրված է այն սիրիական և ռուսական էլիտար շրջանակներից, որոնց հետ նախկինում շփվում էր։ Սիրիայից Բաշարի վերջին պահի փախուստը նրա մերձավորներին ստիպել է զգալ, որ իրենց լքել են, իսկ ռուսական վերահսկողները թույլ չեն տալիս նրան կապ հաստատել նախկին ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Ասադը հիմա հիմնականում «անհետաքրքիր» է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի քաղաքական էլիտայի համար։

2024 թվականի դեկտեմբերին զինված ընդդիմությունը մտել էր Դամասկոս, որից հետո Ասադը հրաժարական էր տվել և լքել երկիրը: Ահմեդ ալ-Շարաան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության առաջնորդը, դարձել էր ժամանակավոր նախագահ:

Leave a Comment