Աբիսողոմոնյան. ՀՀ–ն նպաստում է ռասայական և էթնիկ խտրականության դեմ համաշխարհային ջանքերին

Աբիսողոմոնյան. ՀՀ–ն նպաստում է ռասայական և էթնիկ խտրականության դեմ համաշխարհային ջանքերին

15 դեկտեմբերի 2025 – 11:28 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն Էր Ռիադում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումիի շրջանակում Դաշինքի բարեկամների խմբի բարձր մակարդակի հանդիպմանը ունեցած ելույթում նշել է, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ատելության խոսքի, ռասայական ու էթնիկ խտրականության, ինչպես նաև այլատյացության դեմ համաշխարհային նախաձեռնություններին՝ այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի շրջանակում։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է հակամարտությունների կանխարգելմանը, համայնքների միջև վստահության վերականգնմանն ու բոլոր խմբերի արժանապատվության և ինքնության պաշտպանությանը միտված ջանքերը՝ նշելով, որ դրանք պետք է խարսխված լինեն խաղաղության մշակույթի և բռնության մերժման գաղափարների վրա՝ հանդուրժողականության և փոխընկալման հիմքով։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի ոգու վերականգնումը» նախաձեռնությանը՝ միտված Իրաքի փաստագրական մշակութային ժառանգության վերականգնմանը, Լիբանանում «Կապույտ վահան» կազմակերպության միջազգային ծրագրերին, ինչպես նաև Պաղեստինի Պետության հետ համագործակցությանը, որը միտված է վերջինիս վտանգված մշակութային ժառանգության պահպանությանը։

Նա անդրադարձ է կատարել նաև 1954 թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված բանաձևին, որը նպատակ ունի խթանել մշակութային ժառանգության պաշտպանությունն ու վերականգնումը՝ նորարարական և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ։

ԱԳ նախարարի տեղակալը նաև առանձնացրել է Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ երիտասարդության հզորացումը և հասարակության բազմազանության ու ներառականության առաջմղումը՝ շեշտադրելով, որ 2027 թվականին Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերը։

Իր խոսքում նա կրկին ընդգծել է Հայաստանի առաջնահերթությունը՝ կանխարգելման օրակարգի ուղղությամբ աշխատանքներում, մատնանշելով նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի ժամանակ՝ 2025 թ. սեպտեմբերի 5-ին, Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված բանաձևը՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով։

Դիմելով տարածաշրջանային զարգացումներին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու իր մասնակցությունն ընթացիկ կարգավորման գործընթացների առաջմղմանն ու խթանմանը։

Այս համատեքստում կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ու կայուն, համագործակցային միջավայրի ձևավորմանը։

Նշվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա առանցքային բաղադրիչի՝ «Թրամփիուղի» ծրագրի կարևորությունը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության խթանմանը և վստահության ամրապնդմանը՝ միջմարդկային կապերի զարգացման միջոցով։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment