Սահակյան․ Դատավճիռներից հետո հնարավոր է գերիների մի մասի հայրենադարձում

Սահակյան․ Դատավճիռներից հետո հնարավոր է գերիների մի մասի հայրենադարձում

13 դեկտեմբերի 2025 – 15:29 AMT

PanARMENIAN.Net – Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կարծիք է հայտնել, որ դատավճիռներից հետո հնարավոր է Բաքվում պահվող հայ գերիների մի մասի հայրենադարձում:

Ըստ նրա՝ հավանական է 2023-ի ագրեսիայի հետևանքով ինքնապաշտպանական մարտերին մասնակցած 8 անձի հայրենադարձումը։ Նա այս մեկնաբանությունն արել է «Առավոտ» օրաթերթի դիտարկմանն ի պատասխան, ըստ որի՝ որոշ փակ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցներում հնչել է կարծիք, թե մինչև տարեվերջ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ կարող են լինել դրական զարգացումներ, հայտնում է Aravot.am-ը։

Նա նշել է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագրում գերիների վերաբերյալ դրույթի բացակայությունը նպաստել է, որ այս հարցը մնա բացառապես Ադրբեջանի հայեցողության տիրույթում։

«Քանի որ դատավարությունները մոտենում են ավարտին, իսկ առանց մեղադրական դատական ակտերի, դատավճռի, Ադրբեջանն այնտեղ պահվող 23 անձանցից որևէ մեկին ազատ չէր արձակի, կարծում եմ՝ դատավճիռներից հետո հնարավոր է մի խումբ անձանց հայրենադարձում»,–ասել է նա։

Սահակյանը հիշեցրել է, որ Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների գործով դատաքննությունն ավարտվել է։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջիկայում նախատեսվում է մեղադրական ճառերի ներկայացում։ Նա ընդգծել է, որ այս դատավարությունները ընթանում են առանց անկախ լրատվամիջոցների կամ միջազգային կազմակերպությունների դիտորդական ներկայության։ Տեղեկատվության միակ աղբյուրը Ադրբեջանի պետական «Ազերթաջն» է։

Սահակյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունների պնդումները, որ ամենօրյա աշխատանք են տանում գերիների վերադարձի ուղղությամբ, իրենց արդյունքը տալիս են։

«Պետք չէ բացառել։ Ուղիղ կապ տեսնում են խաղաղության գործընթացի և գերիների ազատ արձակման գործընթացի հետ։ Եթե անգամ դա՝ որպես դրույթ համաձայնագրում նախատեսված չէ, միևնույն է, խնդիրը քաղաքական է, ուստի հարաբերությունների լավացումն ազդեցություն է թողնելու գերիների ազատ արձակման հարցի կարգավորման վրա։ Իմ գնահատմամբ՝ պայմանը հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշակի առաջընթաց գրանցելն է, որպես այդպիսին՝ կարող են դիտարկվել սահմանազատման և սահմանագծման գործընթացների առաջընթացը, դինամիկան, կամ օրինակ` TRIPP-ի առնչությամբ նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը կամ կատարմանը միտված քայլերի ձեռնարկումը։ Եթե նման տեղաշարժեր լինեն, իմ գնահատմամբ՝ կարող է լուծում ստանալ նաև որոշակի թվով անձանց ազատ արձակման խնդիրը»,–ասել է նա։

Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է որպես քաղաքական գործիք։ Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր ազատ արձակման ֆոնին Ադրբեջանը փորձ է անում միջազգային հանրությանը ներկայանալ մարդասիրական մոտեցում դրսևորող պետության կերպարով։

«Որոշումների կայացման տիրույթում գերիների խնդիրը լծակ է, և եթե այդ լծակը գործադրվում է, ու տեղաշարժեր են արձանագրվում, ապա դրանց ֆոնին Ադրբեջանը որոշում է կայացնում որոշակի անձանց ազատ արձակման վերաբերյալ և դրանով միջազգային հանրությանը ներկայանում է նաև մարդասիրական դեմքով»,–ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։

Leave a Comment