13 դեկտեմբերի 2025 – 15:53 AMT
PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեն պարզաբանել է՝ ինչ հիմքով է դադարեցվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը, որը վերաբերում էր այսպես կոչված «ադամանդների գործին», հայտնում է Factor.am-ը։
Կճոյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր դեռևս 2021-ի դեկտեմբերի 17-ին։ Բացի այդ, ՔԿ-ից հայտնել են, որ նշված քրեական վարույթով ներկայումս որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում։ Առաջնորդական փոխանորդի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Նշվում է, որ Կճոյանի անունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ հայտնվել էր Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության փաստաթղթերում։ Կճոյանին առաջադրվել էր մեղադրանք առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման հատկանիշներով։ Քննչական մարմնի տվյալներով՝ Աշոտ Սուքիասյանը, համաձայնության գալով Նավասարդ Կճոյանի հետ, գործարար Փայլակ Հայրապետյանին առաջարկել է Աֆրիկայում իբր իրենց պատկանող ադամանդի հանքերում 12 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել։ Այնուհետև ստացված գումարները օրինականացնելու նպատակով օգտագործվել է օֆշորային գոտում 2010 թվականին գրանցված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է Նավասարդ Կճոյանին։
2020-ին նշված քրեական գործի վերաբերյալ Ազգային անվտանգության հաղորդագրության մեջ նշված էր, որ «հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին (Աշոտ Սուքիասյանին-խմբ․) ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել»: Այս մասով նույնիսկ ձայնագրություն կա հրապարակված։
Հարցմանն ի պատասխան ՔԿ-ից նշել են, որ այս հատվածի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել, քանի որ այն պարունակում է նախաքննական գաղտնի տվյալներ, որոնք ենթակա չեն հրապարակման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կճոյանին այս ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2024-ի աշնանը, սակայն Կճոյանին մեղադրանք է ներկայացվել մոտ 10 ամիս անց՝ այն ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր եկեղեցու վերնախավի դեմ արշավը։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Կճոյանը Արարատյան հայրապետական թեմից գումար է կանխիկացրել, ապա, ամիսներ անց տուն գնել։