Ընտրություններին արտաքին միջամտությունը բավարար հիմք է ընտրությունների արդյունքները կասկածի տակ առնելու, չճանաչելու համար։
«Արարատ Միրզոյանը ոչ թե Բրյուսելում ԵՄ նախարարների ձևաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի… Նախաճաշի շրջանակներում քննարվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները»,- դեկտեմբերի 14-ին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, ընդգծելով, որ սա բացահայտ միջամտություն է պետության ներքին գործերին, և ակնարկելով, որ սա սպառնալիք է ինքնիշխանությանը։
Ինչպե՞ս կանխել արտաքին միջամտությունը ՀՀ իշխանության ձևավորման հարցում։
Հին դարերում արքայից արքան ենթակա արքայություններում թագավոր նշանակելու իրավունք ուներ։ Օրինակ՝ երբ Տիգրան Մեծն արքայից արքա էր, նա իր ազդեցության գոտու երկրներում թագավոր էր նշանակում։
Արտաքին միջամտությունները, սակայն, միշտ էլ խնդրահարույց են եղել, պատերազմների տեղիք տվել։ Օրինակ՝ Սառը պատերազմը սկսվեց, երբ ԽՍՀՄ-ն Արևելյան Եվրոպայի երկրներում կեղծեց ընտրություններն, իշխանության բերելով ռուսամետ ուժերին։ Ռուսաստանը 2014-ին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսեց, երբ այնտեղ չկարողացավ կեղծել, ռուսամետ թեկնածուն պարտվեց ընտրություններում։
ՀՀ-ում 1995-ի մարտի 16-ից հետո Մոսկվան միջամտել է ՀՀ ընտրություններին։ Այս մասին կարող են վկայել այն կուսակցությունները, որոնք երբևէ անցել են ԱԺ։ Որոշ կուսակցությունների ցուցակները խմբագրում էր ՀՀ-ում ՌԴ դեսպանը, մարդ հանում կամ ավելացնում։ 2018-ին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել Մոսկվայի ներգրավվածությամբ։ Ռուսներն են Նիկոլ Փաշինյանին կարգել ֆորպոստի վարչապետ։ Այսօր ռուսներն ընտրապայքարի մեջ են նետում ուժերի, որոնք առերևույթ քաղաքական հավակնություններ չունեն։ Այսինքն՝ Մոսկվայի միջամտությունը ՀՀ իշխանության ձևավորմանը նորություն չէ։
Նորություն է Եվրոպայի հետաքրքրությունը ՀՀ-ում իշխանության ձևավորման վերաբերյալ։ Հիմքն այն է, որ ՀՀ-ն ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել։ Եվ բնական է, որ ԵՄ-ին հետաքրքիր է գալիք իշխանության դիրքորոշումն այս հարցում։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ն ևս կհետաքրքրվի ՀՀ ընտրություններով, քանի որ այստեղ մեծ ներդրումներ է պատրաստվում անել։
Նորություն է նաև այն, որ ՀՀԿ փոխնախագահի շնորհիվ քաղաքական խոսույթ է մտնում ՀՀ-ում ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու թեման։ Մինչ օրս քչերին է հուզել, որ Մոսկվան միջամտում է ընտրություններին։ Ոչ ոք չի փորձել այդ հիմքով կասկածի տակ դնել ընտրությունների օրինակարգությունը։ Առաջինը նման ակնարկ է անում ՀՀԿ փոխնախագահը՝ հավասարապես վտանգավոր համարելով Եվրոպայի, Մոսկվայի, Վաշինգթոնի ենթադրյալ միջամտությունը ՀՀ ընտրություններին։
Եթե այս մոտեցումը տարածվի ու արմատավորվի քաղաքական համայնքում, ապա էական բան կարող է փոխվել ՀՀ իշխանության ձևավորման հարցում։ ԵՄ-ն արդեն ակնարկում է, որ կարող է մատնացույց անել Մոսկվայի ներգրավման փաստերն ու ընտրությունների օրինկարգությունը չճանաչել։ Նույնպես ռուսամետ գործիչներն են փոխանցում Մոսկվայի ակնարկը, թե հեղափոխություն կանեն Երևանում, եթե ԵՄ-ն միջամտի ՀՀ-ում ընտրություններին։ Այս բալանսավորումը, սակայն, արդյունք չի տա, քանի որ ռուսական գործակալները կրկին կներթափանցեն խորհրդարան։
Հետևապես՝ որոշիչ քայլեր կարող է անել ՀՀ քաղաքական համայնքը, օրակարգ բերելով արտաքին ցանկացած միջամտության բացառումը։ Դրա առաջին ակնարկն արդեն արել է ՀՀԿ փոխնախագահը։ Ընդդիմադիր ուժերը կարող են խարտիա ստորագրել, որ ի սեր ՀՀ ինքնիշխանության՝ չեն օգտվելու ռուսական, ամերիկյան, եվրոպական փողերից, իսկ դրանցից օգտվողների դեմ հայց են ներկայացնելու ու չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները, եթե արտաքին միջամտություն լինի։ Իսկ ՔՊ-ն կարող է վանել փոքրոգությունն իր սրտից՝ ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերն ու լյուստրացիայի մասին օրենք ընդունել, ռուսական գործակալներին օրենքով արգելելով մասնակցել ընտրություններին։
Պարզ ասած՝ արտաքին միջամտության բացառման ուղղությամբ առաջին կրակոցն արձակված է։ Ու եթե քաղաքական համայնքը այս հարցում սկզբունքայնություն ցուցաբերի, ապա գուցե առաջին անգամ կձևավորվի լեգիտիմ իշխանություն։ Իսկ եթե ՔՊ-ն վախենա, ապա դարձյալ կձևավորվի մաքուր ռուսամետ ԱԺ ու ֆորպոստի վարչապետ կկարգի, ինչպես 2021-ին։
Թաթուլ Մկրտչյան