Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հայտնում է The Financial Times-ը:
Նա պնդել է, որ ցանկացած խաղաղ ծրագիր ենթադրում է զիջումներ, սակայն Ուկրաինան նախկինի պես անվտանգության երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից և Եվրոպայից:
«Մենք խոսում ենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության երկկողմ երաշխիքների մասին, մասնավորապես՝ 5-րդ հոդվածի նման երաշխիքների մասին, ինչպես նաև մեզ համար անվտանգության երաշխիքների մասին մեր եվրոպական գործընկերներից և այլ երկրներից, ինչպիսիք են Կանադան, Ճապոնիան և այլն», – նշել է Զելենսկին:
Խոսքը ՆԱՏՕ-ի՝ հարձակման ենթարկված ցանկացած անդամի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի մասին է։ Ըստ այս կետի՝ դաշինքի ցանկացած անդամի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան դեռ Վաշինգտոնից պատասխան չի ստացել խաղաղ պլանի վերանայված առաջարկների վերաբերյալ, որոնք Կիևն ուղարկել էր մի քանի օր առաջ՝ եվրոպական առաջնորդների հետ խորհրդակցելուց հետո:
