Ռուսաստանը հաստատել է միգրացիոն քաղաքականության հաջորդ հինգ տարիների՝ 2026-2030 թվականների ծրագիրը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հաստատվել է Ռուսաստանի 2026-2030 թվականների պետական միգրացիոն քաղաքականության կից հայեցակարգը», – ասվում է փաստաթղթում։
Հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստան աշխատանքի եկող միգրանտների թվի աճը կշարունակվի մինչև 2030 թվականը։ Սա պայմանավորված է օտարերկրյա աշխատողների անհրաժեշտությամբ։ Ավելին, փաստաթղթում նշվում է, որ ազգային անվտանգությանը նոր մարտահրավերների և սպառնալիքների ի հայտ գալը պահանջում է միգրացիոն քաղաքականության կատարելագործում։ Հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի միգրացիոն քաղաքականության հետ կապված հարցերում գործատուների պատասխանատվությունը մեծացնելու ուղղությամբ։
Քաղաքականությունը պետք է հանգեցնի օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ անչափահասների շրջանում անօրինական միգրանտների և հանցագործությունների թվի նվազմանը։ Բացի այդ, սպասվող արդյունքների թվում են հետևյալները.
- Ռուսաստանում անօրինական աշխատող միգրանտների համամասնության նվազում.
- ուսումնական հաստատություններ չհաճախող միգրանտների երեխաների թվի նվազում.
- Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա ուսանողների համամասնության աճ.
- նպատակային հավաքագրման ծրագրերի միջոցով հավաքագրված միգրանտների համամասնության աճ։
- ավանդական ռուսական արժեքները կիսող և Ռուսաստան մշտապես տեղափոխված օտարերկրյա քաղաքացիների թվի աճ։
Սեպտեմբերի 11-ից ի վեր անօրինական միգրանտներին արգելվում է գրանցել ամուսնություններն ու ամուսնալուծությունները, գրանցել իրենց երեխաներին մանկապարտեզներում և դպրոցներում, ստանալ վարորդական իրավունքներ, վարել տրանսպորտային միջոցներ և բացել բանկային հաշիվներ։