Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «վա՜յ, գրած է Ղարաբաղյան հայեր»։ Գերմանիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է՝ ինքն ասել է՝ Ղարաբաղ հայերի վերադարձի թեման վտանգավոր է։
«Ես հիմա ուզում եմ բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև այդ թեմաներով ինչքանով իրենք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, որովհետև Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որ վերադարձն իրատեսական չէ», – նշել է նա։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։
«Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և, այո՛, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք, սա է իմ պատկերացրած ճանապարհը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։