Սյունիք կատարած այցից հետո Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՔՊ անդամների քննադատություններին

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սյունիք կատարած այցից հետո արձագանքել է իշխանության ներկայացուցիչների քննադատություններին։

Առաջինն արձագանքել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որը խորհուրդ էր տվել Կարապետյանին «հուշել, որ Վայոց ձորն արդեն գինեգործական կենտրոն է»։ Նա Պապոյանին արձագանքել է՝ համեմատական անցկացնելով Վրաստանի Կախեթի շրջանի հետ։

«Պապոյանը հայտարարել է, որ խնդրել է մեկը ինձ հուշի, թե Վայոց Ձորը արդեն գինեգործական կենտրոն է։ Եկեք տեսնենք, թե ինչ գինեգործական կենտրոն է Վայոց Ձորը, որպեսզի համեմատենք իրական գինեգործական կենտրոնը պարոն Պապոյանի  պատկերացրած գինեգործական կենտրոնի հետ։ Համեմատում ենք Վրաստանի՝ օրինակ, Կախեթի մարզը Հայաստանի Վայոց Ձորի հետ։ Կախեթի մարզն ամեն տարի արտանում է մոտ 200 մլն դոլարի գինի, իսկ Վայոց ձորի մարզը՝ պարոն Պապոյանը ասած գինեգործական կենտրոնը, արտանում է 2-ից երկուսուկես մլն դոլարի գինի»,- հայտարարել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը Կախեթի մարզից 15 անգամ ավելի քիչ գինի է արտահանում։

«Որպեսզի հասկանայինք, թե ինչու է պարոն Պապոյանն այսպիսի կարծիք հայտնել, ուսումնասիրեցի նրա կենսագրությունը։ Ամենայն հարգանքով, բայց նա աշխատել է խանութներում՝ որպես մարքեթինգի մասնագետ, և չեմ կարծում, որ նրա փորձառությունն օբյեկտիվ է, որքան օբյեկտիվ է հայկական ամենամեծ ընկերության, ամենամեծ ներդրողի ներկայացուցչի փորձառությունը։ Երբ մենք ասում ենք՝ գինեգործության կենտրոն, նկատի ունենք տասնյակ միլիոնների արտահանում, տասնյակ միլիոնների արտադրություն։ Բայց հասկանում եմ, մարդը, չունենալով այդ փորձը, չէր կարող իրական մասշտաբները պատկերացնելու հնարավորություն ունենալ»,- հավելել է Կարապետյանը։

Կարապետյանը երկրորդն անդրադարձել է սոցապնախարար Արսեն Թորոսյանի արձագանքին իր այն հայտարարությանը, ըստ որի՝ Սյունիքում կառավարության որոշմամբ մոտ 45 դպրոց է փակվում։ Թորոսյանը նշել էր, որ դպրոցները ոչ թե փակվում, այլ միավորվում են այլ դպրոցներին։ Նրա խոսքով՝ Թորոսյանն իրավացի չէ, երբ պնդում է, որ ոչ թե փակում, այլ միավորում են դպրոցները։  

Շարժման համակարգողը նշել է, որ կարող է բացատրել միավորվելու և փակվելու տարբերությունը՝ նորից պնդելով, որ Սյունիքում մոտ 45 դպրոց է փակվում։

«Երբ մի համայնքում կա երկու երկու դպրոց և երկու տեղ քիչ աշակերտներ, միավորում են, մի դպրոց է մնում։ Սա միավորումն է, բայց երբ հինգ տարբեր համայնքի դպրոցներ փակում ես և ձմռանը մարդիկ սարի ճանապարհով ստիպված են լինում 10 կիլոմետր անցնել ու երեխային դպրոց տանել, ինձ թվում է՝ սա ոչ թե միավորում, այլ  ուղղակի փակել է նշանակում։ Իսկ երբ պետությունից ֆինանսավորում ստացող ուսուցիչներին ես կրճատում, և գումար չի մտնում գյուղ, կարելի է ասել՝ գյուղի տնտեսական էջը փակվում է»,- ասել է Կարապետյանը։ 

Կարապետյանն արձագանքել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հայտարարությանը, թե «Սյունիք երբևէ չեղած մարդիկ եկել են և Սյունիքից են ուզում խոսել»։ Կարապետյանի խոսքով՝ Ղուկասյանը գրառում անելու հանձնարարական է ստացել, բայց չի ուսումնասիրել իր կենսագրությունը։

«Չգիտեմ՝ կրկնեմ թե չկրկնեմ, բայց մայրական կողմս Գորիսից է, արմատներով Տեղ գյուղից։ Այն Տեղ գյուղից, որից հայկական լեգիտիմ տարածք համարվող հարյուրավոր հեկտարներ ձեր ղեկավարի բանակցության արդյունքում հանձնվել է Ադրբեջանին առանց որևէ լուրջ հակազդեցության։ Չեմ ասում ռազմական, այլ դիվանագիտական հակազդեցության, և այդ իսկ պատճառով Տեղ գյուղի ամբողջ տնտեսությունը, անասնագլխաքանակը երկու անգամ ձեր կառավարման հետևանքով նվազել է։ Ու որքան գիտեմ՝ ձդուք այն մարզպետն եք, ում ժամանակ 45 դպրոց փակման ծրագրի տակ է»,- շեշտել է Կարապետյանը։ 

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։

Leave a Comment