Sky Sport Germany-ի փորձագետ Դիդի Համանը կարծիք է հայտնել, որ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դժգոհ է «Լիվերպուլում» իր ելույթներից։
Եթե նախորդ մրցաշրջանում՝ «Բայերի» կազմում, Վիրցն աչքի էր ընկնում բարձր արդյունավետությամբ, ապա «կարմիրների» ճամբարում դեռևս գոլի հեղինակ չի դարձել։ 22-ամյա ֆուտբոլիստը, ով նոր թիմի կազմում արդեն 20 հանդիպում է անցկացրել, շարունակում է սպասել իր առաջին գոլին՝ զուգահեռաբար բախվելով կազմում տեղի համար աճող մրցակցությանը։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա ինքն էլ դրան այլևս չի հավատում։ Սուրբ Ծնունդը սարերի հետևում չէ, իսկ նա դեռ ոչ մի գոլ չի խփել և ոչ մի խաղի ելք չի վճռել։ Պրեմիեր լիգան բոլորովին այլ խաղ է, և առայժմ նա գործնականում ոչ մի ազդեցություն չի ունեցել թիմի խաղի վրա։ Երբ հետևում եմ նրա խաղին, երբեմն զգացողություն է առաջանում, որ նա ինքն էլ չի հավատում, թե կկարողանա այստեղ հաջողության հասնել»,- մեջբերում է փորձագետի խոսքերը Sky Sport Germany-ն։
Հիշեցնենք, որ Ֆլորիան Վիրցը «Լիվերպուլին» միացել է 2025 թվականի հունիսին։ Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 125 մլն եվրո։