Արագածոտնի թեմից Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Ֆեյսբուքի իր էջում «Երբ դատարանը դադարում է արդարադատություն իրացնել» վերտառությամբ հրապարակման մեջ գրում է. «Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ապօրինի կալանքի ևս երկու ամսով երկարաձգումը, որը Նիկոլ Փաշինյանի հանձնարականով կայացվեց դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից, հերթական անգամ խորացնում է հանրային կասկածները Հայաստանի դատական համակարգի անկախության և արդարության շուրջ։ Երբ նման որոշումները կայացվում են առանց հանրությանը համոզիչ իրավական հիմնավորումների ներկայացման, դրանք այլևս չեն ընկալվում որպես արդարադատություն, այլ՝ որպես քաղաքական կամքի սպասարկում։

Հասարակության զգալի հատվածի համար դատավորի այս որոշումը ոչ թե իրավական անհրաժեշտության արդյունք է, այլ` գործող իշխանության շահերից բխող քայլ։ Երբ հոգևորականի նկատմամբ կալանքը դառնում է շարունակական մեխանիզմ՝ առանց տեսանելի հրատապության կամ վտանգի հիմնավորման, հարց է առաջանում՝ արդյո՞ք գործ ունենք իրավունքի կիրառման, թե՞ քաղաքական հաշվեհարդարի հետ։
Դատական համակարգի ամենամեծ ողբերգությունը այն չէ, որ սխալներ են լինում։ Ամենամեծ ողբերգությունն այն է, երբ դատավորը դադարում է ընկալվել որպես անկախ արբիտր և սկսում է դիտարկվել որպես գործադիր իշխանության կամակատար։ Այդ ընկալումն այսօր, ցավոք, խորանում է նման որոշումներով։
Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականի կալանքի երկարաձգումը, հատկապես այս լարված հասարակական ու քաղաքական պայմաններում, չի կարող դիտարկվել աձանձնությանր մեջ։ Այն հարված է ոչ միայն կոնկրետ անձին, այլև հանրային վստահությանը՝ թե՛ դատարանների, թե՛ պետության ինստիտուտների նկատմամբ։
Եթե դատարանները շարունակեն գործել ոչ թե օրենքի տառով ու ոգով, այլ քաղաքական սպասումներով, ապա վաղը որևէ քաղաքացի չի կարող վստահ լինել, որ իր ազատությունը պաշտպանված է։ Իսկ պետություն, որտեղ դատարանը վախեցնում է, այլ ոչ թե պաշտպանում, դատապարտված է խորացող ճգնաժամի։
Արդարադատությունը չի կարող լինել ընտրովի։ Եվ որքան շուտ դա հասկանան դատավորները, այնքան շուտ հնարավոր կլինի վերականգնել այն վստահությունը, որը այսօր վտանգավոր արագությամբ քայքայվում է»։