UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 4-րդ համար Ջասթին Գեյջին մերժել է Արման Ծառուկյանի առաջարկը՝ օգնելու նախապատրաստվել Փեդի Փիմբլեթի դեմ ժամանակավոր չեմպիոնական տիտղոսի համար կայանալիք մենամարտին։
«Իմ տեսանկյունից՝ նա ավելի շատ ցանկանում է վնասել Փեդիին, քան օգնել ինձ,- նշել է Գեյջին Submission Radio-ին տված հարցազրույցում։- Ես չեմ պատրաստվում լուրջ փոփոխություններ կատարել իմ մարզումային ծրագրում և լիովին վստահում եմ իմ թիմին։ Ես կհրավիրեմ սփարինգ-մրցակիցների, սակայն նրանց թվում չեն լինի տղաներ, որոնց հետ ապագայում կարող եմ հանդիպել օկտագոնում։ Նա հիանալի սփարինգ-մրցակից կլիներ, բայց քանի որ հնարավոր է՝ մի օր մենամարտենք իրար դեմ, կարծում եմ՝ նրան ներգրավելը խելամիտ չէր լինի»։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը, առաջարկելով իր օգնությունը Գեյջիին, ուղղակիորեն հայտարարել էր, որ դա անում է Փիմբլեթի հանդեպ ունեցած հակակրանքից դրդված։
«Ես ուզում եմ, որ նա հաղթի։ Հաղթի այդ անիծյալ Փեդիին, ես ատում եմ նրան»,- ասել էր Արմանը ESPN-ի եթերում։
Գեյջիի և Փիմբլեթի դիմակայությունը կլինի UFC 324 մրցաշարի գլխավոր իրադարձությունը, որը տեղի կունենա հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը Լաս Վեգասում։