Մեկնարկել է հեծանիվային մշակույթի ձևավորմանն ուղղված հանրային տեղեկատվական արշավը

Պետության կողմից առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի զարգացման քաղաքականության շրջանակում մեկնարկել է հեծանիվային մշակույթի ձևավորմանն ուղղված հանրային տեղեկատվական արշավը, որի շրջանակում պետությունը սուբսիդավորում է ուսանողների և ուսումնական հաստատությունների աշխատակիցների կողմից հեծանիվների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Արշավի առաջին փուլը իրականացվել է դեկտեմբերի 9–12-ը՝ Երևանի և մարզերի ուսումնական հաստատություններում կազմակերպված միջոցառումների միջոցով։

Ծրագրին ներգրավված են ճանապարհային ոստիկանության և Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնք անցկացրել են իրազեկման և կրթական սեմինարներ՝ համակցված գործնական բաղադրիչով։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու հեծանիվից անվտանգ օգտվելու հմտություններին և ստանալու մասնագիտական խորհրդատվություն։

Տեղեկատվական արշավի մեկնարկը տրվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից:
Արշավին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ աշխատակիցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Leave a Comment