Թուրքիայի նախագահը կարծում է, որ խաղաղ կարգավորումը հեռու չէ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Աշխաբադում ուկրաինական խնդրի կարգավորման թեման Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնկալում է այդ հարցը քննարկել ամերիկացի գործընկերոջ` Դոնալդ Թրամփի հետ:
«Ինչպես գիտեք, ուկրաինական ճգնաժամի հարցով զբաղվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պուտինի հետ հանդիպումից հետո մենք հուսով ենք` խաղաղության ծրագիրը նաև Թրամփի հետ քննարկելու հնարավորություն կունենանք։ Խաղաղությունը սարերի հետևում չէ, մենք դա տեսնում ենք», – ասել է Էրդողանը լրագրողներին Թուրքմենստանից վերադառնալուց հետո։
Էրդողանի խոսքով՝ ամերիկյան գործընկերների հետ մշտական կապ է պահպանում նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։