Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը ծառայողական հետաքննություն է սկսել Մոսկվայից վերադառնալու ժամանակ Արգավանդի խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան երթևեկությունը կարգավորող ոստիկանների նկատմամբ։
Ներքին գործերի նախարարությունը 5TV News-ին հայտնել է, որ հետաքննություն է անցկացվում տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ երևում է, թե ինչպես է մի քանի քաղաքացի անցնում ճանապարհը չթույլատրված հատվածում, երբ ավտոշարասյունն անցնում է։ Ոստիկանական մեքենան ստիպված էր կտրուկ արգելակել՝ նրանց չբախվելու համար։
Կանոնակարգի համաձայն՝ ոստիկանները պարտավոր են ապահովել երթևեկության անվտանգությունը և կանխել հետիոտների մուտքը ճանապարհ, երբ կառավարական մեքենաների շարասյունը շարժվում է։
Պաշտոնական հետաքննությունը կպարզի, թե արդյոք խաչմերուկում և մայթերին գտնվող ոստիկանները ձեռնարկ՞ել են անհրաժեշտ միջոցներ՝ քաղաքացիներին փողոցը չթույլատրված վայրում հատելը կանխելու համար։
2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Ըստ մեղադրանքի՝ վրաերթի ենթարկելուց հետո Նավասարդյանը թողել էր դեպքի վայրը և հեռացել։ 2024-ի դեկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն անօրինական էր համարել հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։
Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մնացականյանի վրաերթի դեպքով որևէ պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ սովորական քաղաքացու նման «ավտոբուսի» ուղևոր էր։
