Կաթողիկոսի դեմ ստորագրած 10 եպիսկոպոսներից բացի այլ հոգևորականներ չեն միացել վեհափառի հրաժարականի պահանջին՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր»-ից վստահեցրել էին, որ ևս երկու-երեք եպիսկոպոս կմիանա իրենց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգևորականների ցանկում կար 13 եպիսկոպոս, սակայն նրանցից չորսի ստորագրությունները բացակայում էին։
Նույն օրը 10 եպիսկոպոս հանդիպեց Փաշինյանի հետ: Մեկ այլ եպիսկոպոս, գործարար և Վայոց ձորի թեմի առաջնորդ, չէր ստորագրել հայտարարությունը, բայց ներկա էր հանդիպմանը: Հայտարարությունը չստորագրած 3 եպիսկոպոսներն են Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ Ավագյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։
