Փաշինյանը ՝ կաթողիկոսի մասին․ Նա դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը

Փաշինյանը ՝ կաթողիկոսի մասին․ Նա դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը

13 դեկտեմբերի 2025 – 13:30 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան եթերում մեղադրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին իր իսկ ընդունած կանոնադրությունը դրժելու մեջ։

Նա հավելել է, որ կաթողիկոսի հեռացումից հետո եկեղեցու նորոգման իր առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերում է ՀԱԵ կանոնագրքի ընդունմանը։

«Այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից՝ 2011–ի նոյեմբերին արդարադատության նախարարությունում գրանցվել է ՀԱԵ կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի»։

Կտրիճ Ներսիսյանի՝ կաթողիկոս դառնալուց 12 տարի անց եկեղեցին դեռևս չունի համապարփակ կանոնագիրք։ 2011 թվին ասվում է՝ մոտ ապագայում կընդունվի, սակայն 2011 թվից էլ անցել է ևս 14 տարի։ Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Եկեղեցում՝, և, ըստ էության, այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։

«Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։ Միևնույն ժամանակ ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքները խաթարված են, քանի որ նրանց ատենապետներն այժմ ապօրինաբար ազատազրկված են»,–ասվում էր հայտարարության մեջ։

Leave a Comment